Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավտոկեֆալիա Ուկրաինային` ռուս ուղղափառ եկեղեցին դիմադրում է

Ավտոկեֆալիա Ուկրաինային` ռուս ուղղափառ եկեղեցին դիմադրում է
15.10.2018 | 12:43

Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը համարժեք ու կոշտ պատասխան կտա Կոսնստանդնուպոլսի պատրիարքարանի սինոդի որոշմանը Ուկրաինայի հարցում` հայտարարելէ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մամլո քարտուղար Ալեքսանդր Վոլկովը: Նրա խոսքով` երկուշաբթի օրը սինոդը Մինսկում նիստ է գումարում, որի ժամանակ էլ կբարձրաձայնվի պատասխանը: Անցած շաբաթ Կոնստանդնուպոլիսը վճռեց շարունակել Ուկրաինայի եկեղեցուն ավտոկեֆալիայի թոմոսի (անկախության) տրամադրման գործընթացը` հարուցելով Մոսկվայի զայրալից արձագանքը: Շաբաթ օրը Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ Իլարիոնը կրկնեց թեզը, որ Ուկրաինայի վերաբերյալ որոշումը ստիպում է Ռուս ուղղափառ եկեղեցուն խզել Կոնստանդնուպոլսի պատրիարքաանի հետ միասնականությունը: «Կոնստանդնուպոլսի պատրիարքը ճանաչեց բաժանման առաջնորդներին` լեգիտիմացնելով անջատողականությունը, որ կար քառորդ դարից ավելի, հետևաբար, մեզ համար արդեն անհնար դարձրեց Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի հետ միասնական լինելը»` ասել էր միտրոպոլիտ Իլարիոնը: Պատրիարք Կիրիլը լրագրողներին ասել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդի նիստում պետք է լուծվեն բազում շատ կարևոր հարցեր. «Այդ թվում` պետք է արձագանք տրվի այն ամենին, ինչ կատարվում է ուղղափառ եկեղեցիների ընտանիքում և այն իրավիճակին, որ ստեղծվում է Ուկրաինայում»: Նրանից մեկ օր առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր. «Սադրանքները ոչ կանոնիկ, անջատողական եկեղեցիների մասնակցությամբ Ուկրաինայում տեղի են ունենում Վաշինգտոնի ուղիղ ու հրապարակային աջակցությամբ»:


Հինգշաբթի օրը Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդը բեկանել էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավար, Կիևի պատրիարք Ֆիլարետի և Ուկրաինայի ավտոկեֆալ եկեղեցու ղեկավար Մակարիոսի անաֆեման (եկեղեցուց վտարումը): 1997-ին, երբ Ֆիլարետը գլխավորեց Կիևի պատրիարքարանի չճանաչված եկեղեցին, Ռուս ուղղափառ եկեղեցու խորհուրդը նրան եկեղեցուց դուրս հայտարարեց` անաֆեմայի ենթարկելով:
Կոնստանդնուպոլսի որոշման շնորհիվ` վերացավ ուկրաինական անկախ եկեղեցի ստեղծելու խոչընդոտներից մեկը: Բացի այդ փաստաթղթում ևս 4 կետ կա.
*Տիեզերական պատրիարքի ստավրոպիգիայի վերականգնում Կիևում (ստավրոպիգիան եկեղեցական հաստատություն է` անկախ տեղական եկեղեցական իշխանությունից և անմիջականորեն պատրիարքին կամ սինոդին ենթակա, այս դեպքում` Կոնստանդնուպոլսի)
*Կոնստանդնուպոլսի պատրիարքության Կիևյան միտրոպոլիայի անօրինական անեքսիայի ճանաչումը Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից 1686-ին
*զգուշացում Ուկրաինայում եկեղեցիներն ու վանքերը անօրինական գրավելու վտանգի մասին` ի հետևանս Կոնստանդնուպոլսի ուղղափառ եկեղեցու սրբազան սինոդի ընդունած որշումների
*Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Կիևի պատրիարքության) և Ուկրաինայի ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու հոգևորականների կարգավիճակի ճանաչում և նրանց շփումների վերականգնում այդ եկեղեցիների ծխականների հետ:
ВВС


Հ.Գ. Կոնստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, իհարկե, ուղղափառ եկեղեցապետերի մեջ ունի հավասարների հետ առաջնության կարգ, բայց Ռուս ուղղափառ եկեղեցին հավատացյալների թվով ու աշխարհագրական տարածքով ամենամեծն է, հետևաբար` եկեղեցական ռեալ պոլիտիկում գլխավորը: Բարդուղիմեոս և Կիրիլ պատրիարքների տարաձայնությունները հին պատմություն ունեն` Ռուս ուղղափառ եկեղեցին առաջնության կարգին դեմ է եղել միշտ, իսկ Կոնստանդնուպոլսի պատրիարքությունը պահպանել է դարերի ժառանգությունը բոլոր հնարավոր միջոցներով: Բարդուղիմեոս պատրիարքի վերջին որոշումը` բեկանել 1686-ին ու 1997-ին ընդունված որոշումները, արձանագրում են Երրորդ Հռոմի` Ռուս ուղղափառ եկեղեցու համատիեզերական պարտությունը, բայց իրականության մեջ Ուկրաինայի ավտոկեֆալ եկեղեցին դեռ պիտի ճանաչեն ավտոկեֆալ մյուս եկեղեցիները` լիակատար անկախության համար: Պայքարը նոր միայն սկսվում է: Փաստացի` այս պայքարի սկզբում Ռուս ուղղափառ եկեղեցու պարտությունը որոշեց մուսուլմանական Թուրքիան` Կոնստանդնուպոլսում գործող բոլորի պատրիարքարանները գտնվում են Թուրքիայի Հանրապետության ուղղակի և անուղղակի ազդեցության տակ: Պատահաբար չէին ռուս փորձագետներն ու քաղաքական գործիչները հայտարարում, որ բավական է` Պուտինը Էրդողանի հետ խոսի ու հարցը կփակվի: Սխալվում էին` չփակվեց: Էրդողանը նախագահ վերընտրվելուց հետո սկսել է Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման հարկադրական քաղաքականություն` ելնելով Թուրքիայի տնտեսական ճգնաժամից: Նա այլևս չի կարող իրեն կամայական որոշումներ թույլ տալ` առանց Արևմուտքի համաձայնության: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հենց դա էր ասում` դիվանագիտական լեզվով: Պատահական չէ, որ Բարդուղիմեոս պատրիարքի որոշումը զուգադիպեց ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ` Թուրքիայի դատարանի վճռով: Նրան սպառնում էր մինչև 35 տարվա ազատազրկում: Թուրքիան արդեն վերականգնել է կապերը Նիդեռլանդների ու Գերմանիայի հետ: Եվ չլիներ Սիրիան, գուցե ամբողջությամբ կտրվեր «եղբայր Պուտինից»: Իսկ Կիևը ցնծում է` Ուկրաինայի նախագահը հայտարարել է, թե Կիևի ուղղափառ եկեղեցին երբեք չի եղել և չի լինի Ռուս ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ: «Կոնստանդնուպոլսի պատրիարքարանը ապօրինի է հռչակել Կիևի թեմը բռնակցելու՝ Մոսկվայի որոշումը, որ կայացվել էր 17-րդ դարում: Դրանով հստակ և միանշանակ ամրագրվում է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին որևէ իրավասություն չունի Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու նկատմամբ», - հայտարարել է Պյոտր Պորոշենկոն: Նա պնդել է, թե հարցը վերաբերում է ոչ միայն հոգևոր աշխարհին, այլև Ուկրաինայի ազգային անվտանգությանը: «Մեր եկեղեցու անկախության հարցը շատ ավելի մեծ նշանակություն ունի. մեր պետականությանն է վերաբերում և համաշխարհային քաղաքականությանը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ եկեղեցու ինքնիշխանությունը համեմատելով Կիևի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելու որոշման հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ